Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնութեան հերթական փուլում «Օլիմպիկ»-«Լէնս» խաղը կիրակի աւարտւեց տանտէրերի յաղթանակով, սակայն այդ օրը մէկ այլ եւ ոչ ֆուտբոլային յաղթանակ տօնեցին մարզադաշտում գտնւող մարսելաբնակ հայ երիտասարդները։

Մարսելի Դաշնակցութեան «Նոր սերունդ» երիտասարդական միութեան անդամները մարզադաշտում բողոքեցին հիւրընկալւող թիմի՝ «Լէնսի» ֆուտբիստների մարզաշապիկներին դաջւած գրութեան դէմ։

Սա Եւրոպայում արդէն երրորդ թիմն է, որը միլիոնաւոր դոլարների դիմաց համաձայնել է դառնալ Ադրբեջանի քարոզիչը եւ մարզաշապիկներին կրել «Ադրբեջան՝ հրոյ երկիր» գրութիւնը։

«Նոր սերունդ» միութեան հայ երիտասարդները հէնց մարզադաշտում, հազարաւոր հանդիսականների աչքի առջեւ պարզեցին «Ադրբեջան, քրէածին երկիր» գրութեամբ պաստառը։ Իրաւապահներն այս ակցիային որեւէ կերպ չմիջամտեցին:

Ի դէպ, Մարսելի «Օլիմպիկի» կազմում, որի մարզաշապիկի թիկունքին գովազդւում է «Թուրքական աւիաուղիները», առաջին խաղն է անցկացրել հայազգի 19-ամեայ Գաել Անդոնեանը, որը նախկինում այդ թիմի երիտասարդական կազմի խաղացող էր։ Յիշեցնենք, որ նոյնանման գրութիւնը, թէկուզ՝ միլիոնների դիմաց, այս տարի մերժեց Արգենտինայի «Սան Լորենցոյ» ֆուտբոլային ակումբը։ Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչներն ակումբի նախագահ Մաթիաս Լամենսի պատւին կազմակերպած միջոցառմանը շնորհակալութիւն յայտնեցին, որ ֆուտբոլային ակումբը չտրւեց ադրբեջանական սադրանքին եւ չվաճառւեց կեղծ քարոզչութեանը:

«Երջանիկ եմ. «Սան Լորենցոն» ապացուցեց, որ փողը դեռ ամէն ինչ չէ, եւ ամէն ինչ չէ, որ կարող ես փողով գնել, եւ բոլորը չէ, որ ծախու են»,- արգենտինեան Prensa Armenia-ի փոխանցմամբ` յայտարարել է Լամենսը:

Միջոցառմանը մասնակցել են ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչներ, այլեւ Արգենտինայի ֆուտբոլային ամենայայտնի ակումբների նախագահները, մարզիկներ եւ մարզական լրագրողներ: Բոլորն էլ իրենց գոհունակութիւնն են յայտնել` շեշտելով, որ «Սան Լորենցոյ» ֆուտբոլային ակումբի դիրքորոշումն ու պահւածքը կարող է օրինակ ծառայել նաեւ իրենց համար:

Ի դէպ, «Սան Լորենցոն» Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինի սիրած թիմն է։